Քանի որ ձեր նամակում նշված իրադարձությունը Վրաստանում չի որ տեղի է ունեցել...

մայիս 23, 2013 - 15:08        Viewed: 1032       

9 տարի շարունակ «Վրաստանի Հայ Համայնքը» հաղորդակցվում է քաղաքապետարանի հետ,Թբիլիսիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման մասին: Հաղորդակցությունը միակողմանի է: Վրաստանի Հայ Համայնքը դիմում է, իսկ քաղաքապետարանը համառորեն անտեսում է խնդրանքը: Անտեսում է, չնայած գոյություն ունեցող համապատասխան օրենսդրությանը, որի համաձայն քաղաքապետարանը պարտավոր է պատասխանել ստացած նամակներին:

2013 թվականի փետրվարի վերջում բազմամյա լռությունից հետո քաղաքապետարանը արձագանքեց: Վիրահայությունը ստացավ իր պահանջի պատասխանը.

«Քանի որ ձեր նամակում նշված իրադարձությունը Վրաստանում չի որ տեղի է ունեցել, հուշարձան տեղադրել չի թույլատրվում,  որովհետև հուշարձանը իր էությամբ և իմաստով արտացոլում է տվյալ տարածքում տեղի ունեցած դեպքի անմահացում»:

Հավանականորեն, քաղաքապետարանը մերժման այլ պատճառ չի կարողացել հորինել,  բացի այն ճշմարտության հաստատումից,  որ վերոնշյալ միջադեպը իրոք Վրաստանի տարածքում տեղի չի ունեցել:

Քաղաքապետի պատասխանի բարոյականէթիկական կողմը ընթերցողները կարող են գնահատել եւ դատել: Մենք մի քանի օրինակ կբերենք, որն ընթերցողին կօգնի վերլուծել, թե ինչքանո՞վ է օրինական և արդար Թբիլիսիի հայության տվյալ պահանջը:

2002 թվականին անցկացված Վրաստանի ընդհանուր բնակչության հաշվարկման տվյալների համաձայն, ազգությամբ հայ քաղաքացիները կազմում էին երկրի բնակչության ընդհանուր թվաքանակի 5,7%-ը (248 929 քաղաքացի), իսկ Թբիլիսիի մասշտաբով - 7,6% (82 586 քաղաքացի): Բոլոր այդ մարդկանց համար, դարեսկզբին տեղի ունեցած ցեղասպանությունը անբուժելի վերք է:

Աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքներում ու բնակավայրերում կա հուշարձան, որի նման հուշարձան կանգնեցնելու թույլտվություն է խնդրում այսօր համայնքը (խաչքար): Այդ թվում այն երկրներում, որոնք Հայոց Եղեռնը դեռ  պետականորեն չեն ճանաչել (Օրինակ. ԱՄՆ, Իրան, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Հնդկաստան, Սիրիա և այլն):

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում, առավել ևս Իրանում և բոլոր մնացած երկրներում, ազգությամբ հայ քաղաքացիները կազմում են ոչ թե ընդհանուր բնակչության 5,7%-ը, ինչպես դա Վրաստանի դեպքում է, այլ նրանց թվաքանակը 1%-ից էլ զգալի պակաս է (Օր. Իրան 75 մլն բնակչություն, այստեղից 120հազ. ազգությամբ հայ, բնակչության 0,16%)

ք.Թբիլիսիի քաղաքապետարանի վերոնշյալ <<պատասխանը>> մեր աչքը բացեց անհեթեթ իրավիճակի վրա: Քաղաքի մասշտաբով զգալի թվով բնակչության, ընտրողների խնդրանքը ցինիկ ձևով անտեսվում է: Եվ սա կատարվում է այն ամենից հետո, երբ նախորդ կառավարությունը իր մաշկի վրա զգաց յուրաքանչյուր ընտրողի ձայնի կարևորությունը: Տրամաբանորեն, Թբիլիսիի բնակչության 6.7%-ը կազմող հայերի համար դժվար չպիտի լինի իրենց սեփական շահերը առաջ քաշել:

Ինչո՞վ է առաջնորդվում քաղաքապետարանը նման <<ուշացած պատասխաններ>> տալու ժամանակ: Հուշարձանը նվիրված է XX-րդ դարի սկզբում իրագործված մեծագույն հանցագործության զոհերի հիշատակին: Բարոյական կողմը չի քննարկվել... Դեռ...

Օրացույց