Վերամիավորման ճանապարհին. Արցախի անկախության օրը

սեպտեմբեր 02, 2014 - 08:46        Viewed: 2543       

23 տարի առաջ սեպտեմբերի 2-ը պատմական նշանակությամբ բախտորոշ մի դարձակետ խորհրդանշող թվական դարձավ հայոց պատմության մեջ: Արցախի քաջարի հայությունը, իր կողքին ու թիկունքին ունենալով ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ափերը, ազգային-ազատագրական պայքարի սխրալի իր խոյանքը հաղթական ավարտի տանելով՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակեց իր անկախությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմքը դնելով:

Հայոց նորագույն պատմության թավալգլոր անկումների անիվը շրջվեց արցախահայության հանդուգն այդ քայլով, որ վերջ տվեց Արցախի տասնամյակների գերեվարմանը և սրբագրեց Ստալինի բռնակալ ձեռքով ու «օրհնությամբ», 1921-1923 թվականներին, հայ ժողովրդի դեմ գործված աղաղակող անարդարությունը:

Ծայր աստիճան դժվար պայմանների մեջ կատարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը և ծանրագույն հարվածների դիմակալման գնով մեր ժողովուրդը, Արցախի մեջ ու ամբողջ Հայաստանի տարածքում, կարողացավ իրագործել ադրբեջանյան լուծից ազատագրվելու իր որոշումը՝ ապրելու և բարգավաճելու ընդունակ անկախ մի պետականություն կյանքի կոչելով:

Աշխարհաքաղաքական ծայր աստիճան պայթուցիկ վերիվայրումները կանխեցին  1991թ.ի սեպտեմբերի 2-ի Արցախի անկախության հռչակումը։ Թեև Խորհրդային Միությունը տակավին գոյություն ուներ, բայց 1991թ-ի օգոստոսի 19-ին տեղի էր ունեցել Եանայևի գլխավորած պետական հեղաշրջման փորձը՝ Գորբաչևյան իշխանության դեմ: Մահամերձ Խորհրդային Կոմկուսի վերջին գալարումը եղավ Եանայևյան խմբակի իրագործած պետական բռնաշրջումի այդ փորձը, որի նպատակն էր ձախողության մատնել 1991-ի օգոստոսի 22-ին նախատեսված Միութենական Նոր Պայմանագրի ստորագրությունը Խորհրդային Միության մականին տակ առնված ժողովուրդների և պետությունների միջև:

Եանայևյան պետական բռնաշրջումը սանձվեց ու ձախողության դատապարտվեց՝ Ելցինի ղեկավարության տակ համախմբված ռուս ազատական հոսանքի հակահարվածի հետևանքով։ Թեև այդ պայմաններում ջնջվեց 1922թ-ի օգոստոսի 22-ին նախատեսված Միութենական Նոր Պայմանագրի ստորագրությունը։ Այսուհանդերձ՝ ազատականների հաղթանակով ձեռնարկվեց նոր պայմանագրի պատրաստությանը, որ մի քանի ամիս հետո՝ 1991թ.-ի դեկտեմբերին հիմք պիտի ծառայեր Խորհրդային Միության պաշտոնական ու վերջնական լուծարմանը:

Համախորհրդային զարգացումների այս շրջագծի մեջ Արցախի Հարցը թևակոխեց նոր փուլ: 1991թ.-ի օգոստոսի 30-ին Խորհրդային Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը միակողմանիորեն որդեգրեց «Խորհրդային Ադրբեջանի ազգային անկախության վերականգնումի Հռչակագիր»ը, որ Բաքվի իշխանությունների աչքին «օրինական ճամփան» պիտի բանար Արցախի հայության հետ իր ձեռնարկած ռազմական «հաշվեհարդար»-ի վերջին արարին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բռնագրավումին և ադրբեջանական լուծի ամբողջական պարտադրումի առջև, ի հարկին արցախահայության ֆիզիկական բնաջնջումով կամ տեղահանությամբ:

Բայց 1988թ.ի փետրվարյան իր զարթոնքից սկսած Արցախի հայությունը, իր կողքին և թիկունքին ունենալով ամբողջ հայ ժողովրդին` Հայաստանում և աշխարհի սփյուռքում, ամեն կարգի հարվածի դեմ կուրծք ցցելով, հանուն ազգային ազատագրության իր զավակների քրտինքից ու արյունից ահավոր գին վճարելով, այլևս այրել էր ետդարձի բոլոր կամուրջները. -Միակ ընտրանքը` Ազատություն կամ Մահ, Հայրենիք կամ Մահ դրոշով անվեհեր կռվի ուղին էր:

Եվ Խորհրդային Ադրբեջանի` 1991-ի օգոստոսի 30-ի «անկախության վերականգնման հռչակագրի», ավելի ճիշտ՝ Արցախի հայությունը վերջնական հավեհարդարի ենթարկելու հայտարարության, հայկակա՛ն պատասխանը եղավ արմատական ու վերջնական: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդային պատգամավորների Մարզային Խորհուրդը, Շահումյանի շրջանի ժողովրդային պատգամավորների Շրջանային Խորհրդի հետ համատեղ նիստ գումարելով, 1991-ի  սեպտեմբերի 2-ին հռչակեց Արցախի անկախությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական հիմք դրեց:

Ոչ միայն պատմական պահին համապատասխանող հանդուգն քայլ էր, այլև ազգային-պետական ու քաղաքական-հասարակական բոլոր առումներով շրջահայաց մի կողմնորոշում  եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը:

Եվ ամեն բանից վեր իրավական սրբագրումը կատարեց Ստալինի գործած պատմական անարդարության, որի մեղքի պտուղն էր 1923թ.-ի հուլիսի 7-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որ նվեր տրվեց Ադրբեջանին:

Յոթանասուն տարի Արցախի հայությունը ցմրուր ճաշակեց ադրբեջանական տիրապետության դառն բաժակը։ Հայաթափումը ազգային աղետի չափերի հասավ՝ մշակութային ուծացման ու ընկերատնտեսական լքվածության անտանելի պայմանների տակ: Այսուհանդերձ՝ օրհասական վիճակի մեջ հայտնված Արցախի հայությունը բնավ չհաշտվեց իրեն պարտադրված անարդարության հետ: Ճիշտ է, երբեք մտահան չարեց պատմության դաժան դասը, թե խորհրդային ամբողջատիրության հետ «խաղը բացառված է»: Բայց նույնպես ճիշտ է, որ հարմար ամեն պահ օգտագործեց, որպեսզի նույնինքն խորհրդային սահմանադրությամբ բաց ճեղքեր գտնի և ազատ ու անկախ ապրելու իր տիեզերական և անժամանցելի իրավունքին տեր կանգնի:

1980-ականներին ծավալած Գորբաչևյան Վերակառուցման շարժումը հարմար պահը ընձեռեց Արցախի և ընդհանրապես հայրենի հայության, որպեսզի միասնական ծառացումով Ստալինյան պատմական անարդարությունը սրբագրելու սահմանադրական պահանջ դնեն՝ Արցախը Հայաստանին վերամիացնելու դիմումներ կատարելով Կրեմլյան ղեկավարությանը: Ադրբեջանը փոկրոմի՝ ֆիզիկական բնաջնջման լեզվով պատասխանեց հայոց պահանջատիրական բարձրագոռ ձայնին: Եվ 20-րդ դարավերջին հայ ժողովուրդը վերստին ճաշակեց թուրքատիպ ջարդերն ու շուրջ կես միլիոն հայեր տեղահան դարձան պապենական իրենց բնօրրանից՝ Խորհրդայինների կողմից իբրև Ադրբեջանի տարածք հռչակված հայաբնակ ավաններից:

Բայց որքան բիրտ ու կատաղի եղավ ադրբեջանական հարվածը, այնքան կարծրացավ Արցախի հայության ազգային-ազատագրական պայքարը՝ հետևողականորեն կառչած մնալով հանդերձ Միջազգային Օրենքի և Խորհրդային Սահմանադրության իրավական հունով իր պահանջատիրությունը առաջ մղելու վարքագծին:

Եվ այդ քաղաքական-պետական վարքագծի պսակումը եղավ 1991թ.-ի  սեպտեմբեր 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը:

1991թ.-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանի «անկախության վերականգնումի հռչակագրով»՝ խորհրդային օրենքով ստեղծված Լ.Ղ.Ի.Մ.ն ու Խորհրդային Ադրբեջան իրավական անձնավորությունը, իրողապես և իրավականորեն, վերջ գտան:

Արցախի հայությունը ընտրեց իրավական այն միակ ճամփան, որ Ադրբեջանի խորհրդային կարգավիճակի լուծարումով բաց էր մնացել իր առջև:

Իրավական այդ հիմնավորումով էլ, իրողապես անկախացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական՝ միջազգայի՛ն ճանաչումը ենթակա չէ, չի կարող ենթակա նկատվել խորհրդային սահմանադրական քարտեզով գծված պետական սահմանների «անձեռնմխելիության» սկզբունքին:

Ադրբեջանը ինքնակամ հրաժարվեց խորհրդային իր ժառանգությունից և, բնականաբար, կորցրեց խորհրդային ամբողջատիրության կողմից իրեն «նվեր» տրված Լ.Ղ.Ի.Մ.ը: Մանավանդ որ 1991թ.-ին նոյեմբերին Բաքուն պաշտոնապես ջնջեց Լ.Ղ.Ի.Մ.ի իրավական կարգավիճակը՝ Լեռնային Ղարաբաղը «ադրբեջանյան ազգային սեփականություն» հռչակելով:

Իսկ Արցախը 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին վճռեց սրբագրել պատմական անարդարությունը՝ սահմանադրական ու ժողովրդավարական ճանապարհով տեր կանգնելով ազգային ինքնորոշման իր անբռնաբարելի իրավունքին:

Ադրբեջանն ամեն միջոցի դիմեց, որպեսզի արյան մեջ խեղդի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչև 1994թ.-ի գարնան ավարտը թեժ մարտեր ընթացան Արցախի ամբողջ տարածքով:

Եվ հայ ազատամարտիկները կարողացան 1992թ.-ի մայիսին ազատագրել Անառիկ Արցախի խորհրդանիշ Շուշին, որից հետո նվաճեցին Հայաստանի հետ վերամիացման հողային ամբողջ տարածքը:

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի հայության հետ ողջ հայ ժողովուրդը, հայրենի ոստաններից մինչև սփյուռքի հեռավոր ծագերը, միասնաբար վերահաստատում է իր վճռականությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրողական ազատագրումը պսակելու իրավական ու միջազգային ճանաչումով:

Մանավանդ վերանորոգում է ազգային իր սրբազան ուխտը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսունակության կռվանների ուժեղացումով, բոլոր ուժերով շարունակելու պայքարը՝ Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի համազգային մեծ երազին հասնելու Ուղին հարթելով հայոց սերունդների առջև:

Օրացույց