Արցախում դիրք է պահել, Ջավախքում՝ երեք գյուղ

սեպտեմբեր 10, 2014 - 09:00        Viewed: 1873       

Ախալքալաքի շրջանի Ազմանա գյուղ հասնելուն պես դպրոցի տնօրեն Հովհաննեսի տան տեղն ենք ուզում իմանալ: Հայերեն հարցը լսելով՝ վրացի գյուղացին ռուսերեն է պատասխանում և ցույց տալիս գյուղի նախավերջին տունը: Պետության կողմից վրացիների, օսերի ու աջարների՝ հայաբնակ գյուղերի արանքներում վերաբնակեցնելու հատուկ ծրագրով սարքված երկհարկանի տանն այժմ Հովհաննեսի ընտանիքն է ապրում: Դռան մոտ մեզ դիմավորում է Հովհաննեսը: Արտից քիչ առաջ է եկել: 

Հովհաննես Մղդեսյանը 58 տարեկան է: Ախալքալաքի շրջանի Հոքամ գյուղի դպրոցի տնօրենն է: Ապրում է Ազմանա գյուղում: Ծնունդով Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղից է: Մինչ Արցախյան պատերազմը ապրել ու աշխատել է Ախալքալաքում: 1988թ., երբ Գումբուրդո գյուղի երիտասարդները որոշել են մեկնել Արցախ, Հովհաննեսը Ախալքալաքի գործարանում ինժեների իր գործը հանձնել ու միացել է համագյուղացիներին:

«Ղարաբաղյան շարժումը երևի թե ավելի շատ եփվում էր մեր մոտ, քան թե Հայաստանում, որովհետև լրիվս ջահել էինք, լրիվս՝ ինժեներ, Երևան ավարտած: Միտինգներ էինք կազմակերպում Ախալքալաքում,-հիշում է Հովհաննեսը:- Ես գիտեի՝ պատերազմ է: Եվ ես չէի հավատում, որ սովետը կարող է ինչ-որ կարգեր լուծել»:

Քիչ թե շատ վերանորոգված, բայց ոչ բարեկարգ տանը, որը Հովհաննեսը գնել է Արցախից վերադառնալուց հետո, փոքրիկներ կան՝ Հովհաննեսի թոռներն են: Հետաքրքրված աջ ու ձախ է անում նրանցից մեկը: Մեզ ներս հրավիրելուց ու յուրաքանչյուրիս ով և որտեղից լինելը պարզելուց հետո Հովհաննեսը աստիճանաբար սկսում է «բացվել»: 

1988թ. ձմռանը Հովհաննեսը երկու ամսով մեկնել է Արցախ, իսկ արդեն 1989թ. ընտանիքով տեղափոխվել Ասկերանի շրջանի Սզնեք գյուղ: «Եթե ընտանիքով չգնաս, քեզ ո՞վ կհավատա: Եթե դու գնում ես մի բանի, պիտի հաստատ գնաս: Բայց 1988-ին դեռ կռիվ չէր, այնտեղ ուրիշ պայքար էր՝ հանրաքվե, ձայներ էին պետք, այնտեղ միտինգներ էին գնում, որին մարդ էր պետք, միանգամից հո զենք չեմ վերցրել: Ո՞ր մի ղարաբաղցին է միանգամից զենք վերցրել: Ձայն էր պետք: Երևի մի 160-180 ձայն տվեցինք Արցախին»,- պատմում է Հովհաննեսը:

Սկզբնական շրջանում տեղացիները դժվարությամբ են ընդունել ջավախքցիներին: Հովհաննեսի տպավորությամբ` տեղացիները մտածել են, որ ջավախքցիները գնացել են իրենց գյուղը գրավելու: Սզնեք մեկնած ախալքալաքցիների մեծ մասը տեղի իշխանավորների հետ ունեցած անախորժություններից հետո հիասթափվել ու վերադարձել է Ջավախք: Հովհաննեսը մնացել է: «Ասի՝ եկել եմ, պիտի մնամ: Ինձ հետ նաև գումբուրդոցի Ռուբիկ Զաքարյանը մնաց: Նրանք փախան, մենք էլ եկանք Ախալքալաք, ընտանիքներս առանք, գնացինք»,-պատմում է Հովհաննեսը:

Շուտով Հովհաննեսն ու ընտանիքը Սզնեքից տեղափոխվել են Խոջալուից 500 մ հեռու գտնվող Նորագյուղ: «Իմ ամենասիրելի գյուղերից մեկը, հոյակապ ժողովուրդ»,- բնութագրում է Հովհաննեսը: Նորագյուղում Ռուբիկ Զաքարյանի հետ կառուցել են 9 տուն, այդ թվում` իրենց տունը:

Ներս է մտնում Հովհաննեսի կինը՝ Մարինան: «Վրադ փոխեիր, աղտոտ-մաղտոտ, արտեն ես էկել»,- ընդհատում է մեր զրույցը նա:

«Բան չի էնե, սաղ ինձի պես մարդ են, չիդեն, օր գեղացին թոզոտ օր չեղավ, գեղացի չէ»,- պատասխանում է կնոջը ու շարունակում պատմությունը:

Մինչ կռիվները Ասկերանում Հովհաննեսը աշխղեկ է եղել, Ասկերանի մանկապարտեզն է կառուցել: «1989թ. պրառաբ նշանակեցին, մոտս աշխատելու ոչ ոք չէր գալիս, չգիտեին՝ Ախալքալաքը որտեղ էր, ես որտեղացի եմ, չէին վստահում: Չնայած ախալքալաքցիների մեծ մասն էլ չգիտեր՝ Ղարաբաղը որտեղ է, ով մի փոքր կրթված էր, նա գիտեր»,- հիշում է Հովհաննեսը:

Հարցնում եմ՝ ո՞ր կռիվներին եք մասնակցել, լուրջ-լուրջ պատասխանում է. «Չէ, ես կռիվներին չեմ մասնակցել, ես մենակ պոստ եմ պահել»: Պահել է Քարագուխ, Ուղտի մեջք, Անապատ, Խնապատ «պոստերը»: Իսկ սկզբնական շրջանում շտաբի կապավորն է եղել: «Ես Ասկերանի շրջանից դուրս չեմ եկել: Մեր կռվողների մեջ կային ջահելներ և ահելներ, մենք ահելների դասին էինք պատկանում: Միայն մասնակցում էինք մեր շրջանի իրադարձություններին,- ասում է նա,- մեր տղաները բոլորը հերոսներ էին, սկզբնական շրջանում Խոջալու պահողները մեր տղաներն էին: Նորագյուղի 3-րդ ռոտի տղաներն էին, ես էլ 3-րդ զվոդից էի»:

«Ղարաբաղ մնացինք ու առողջություններս կորուցինք»,- նորից ընդհատում է կինը:

«Ինչի՞»,- հարցնում է Հովհաննեսը կնոջը:

«Բա էդքան գետնին տակը ապրիլը հե՞շտ էր»,-նկատում է կինը:

«Ադոր համարա չաղացար, թե չէ ինչի տի չաղանայիր»,-կատակով հակադարձում է Հովհաննեսը:

1989-ից մինչև 1994թ. դեկտեմբերը Հովհաննեսն ընտանիքի հետ ապրել է Արցախում: Ավելի քան մեկ տարի տիկին Մարինան ու երկու երեխաները մնացել են գետնատակի ապաստարանում: Մարինայի աչքի առաջ մինչ օրս Խոջալուի կրակոցներն են, տան դիմաց շարված «շիֆերները», որոնք կրակոցներից մաղ էին դարձել: «Ուզում էին էլեկտրական ջրաղացին խփել, ինչքան կրակեցին, չկարողացան: Բոլոր ֆիդայիների ալյուրն այդ ջրաղացում էին աղում»,- պատմում է Մարինան: Մի գետակ էր բաժանում իրենց՝ ադրբեջանցիների ռադիոների ձայնը հստակ լսվում էր Նորագյուղում:

Պակաս «կռվող» չի եղել նաև Մարինան: Հովհաննեսը հիշում է կնոջ «քաջագործությունները». «Պոստից ներքև էի իջել, մեկ էլ մեր ռոտի տղաներից Շիրինը կանչեց, թե՝ Հովո, հլը արի, դու ի՞նչ մարդ ես, Մարինային պիտի զենքը տանք, որ գնա կռվի: Դու մի ասա, կանայք նստել և որոշել են, որ տղամարդկանց փնտրող լրտես-ադրբեջանցիների կամ շուռ տված հայերի վրա հարձակվեն և ծեծեն»:

«Լսել էինք, որ մյուս գյուղերը հայերեն իմացող թուրքերը մտել և ասել են, թե հայաստանցի ֆիդայի են ու գերիներ են վերցրել: Ու էդ օրը մի մեքենա եկել ու ինչ-որ մարդու էր փնտրում գյուղում, ինձ ասին՝ հլը արի տես, սա իսկապես Հայաստանի լեզվով է խոսում: Ես էլ գնացի, ասի՝ ով եք, ասին՝ մասիսցի ենք, գործով ենք, չհավատացինք»,-շարունակում է Մարինան:

Մարինան առաջինն է «հարձակվել». մեքենայի դուռը բացել ու դուրս է քաշել վարորդին, երկու հարված հասցրել դեմքին: Որքան էլ որ նա գոռացել է, թե հայ է, ինչու են խփում իրեն, Մարինան չի հավատացել, թե՝ չէ, դու շուռ տված հայ ես: «Հետո նույն «Վիլիսը» ճանապարհին հանդիպեց մեզ, էդ տղեն ասում է՝ այ տղա, կնոջդ ասա, որ մենք հայ ենք: Ասում է՝ ցած առան, առաջինը ինքը խփեց, դոշերիցս բռնել ու բաց չէր թողնում»,-պատմությունը ծիծաղով ավարտում է Հովհաննեսը:

«1994թ. կռիվն ավարտվելու վրա էր, Մոսկվան կանգնեցրեց կռիվը: Իջնելու էին Ասկերանով Քուռ գետի ափը, կազարմայի մեջ պատրաստվում էինք տղաներին հետևել, որ գնանք պոստ պահելու, գիշերվա ժամը երեքին լուր ստացանք՝ «օստավիտ»: Ոչ ոք չէր ուրախացել, որովհետև հաղթանակի էինք գնում, ոչխարները փախչում էին, պետք էր առաջ գնալ: Շատ սխալներ ենք արել, Կիրովաբադն էլ պետք է մերը լիներ, Քուռ գետն էլ պետք է իջնեինք»,- ասում է Հովհաննեսը:

Հովհաննեսն ի սկզբանե համոզված է եղել, որ հաղթելու են: «Դրսից գալացողը տեսնում է մարդու հոգին, ես դրսից էի եկել Ղարաբաղ ու զգում էի, որ ոգին բարձր էր, անպայման ենք հաղթելու»,- ասում է նա:

Առհասարակ, Հովհաննեսի կարծիքով, հոգով կռվելը հայ ազգի ամենալավ կողմերից է: «18 տարեկան տղա է, կանգնել է պոստին, ասում ես՝ եկան, թող գնանք հետ: Չէ, ասում է, ուր գնանք: Չեմ գնա: Ասում է՝ փախչես, քեզ կկրակեմ: 18 տարեկան տղան այդ ոգին ունի, եթե այդ ոգին չունենային, չէինք հաղթի: Մեր շտաբի դուռը տղա եմ տեսել, ավտոմատը գետնին էր քսվում, շալակել եկել էր՝ 13-14 տարեկան: Էդ ազգը չէր կարող պարտվել»:

Հովհաննեսն ասում է, որ ինքն Արցախում կռված ջավախքցի տղաների հետ համեմատվել չի կարող, քանի որ նրանք իսկապես հերոսական գործեր են արել Ղարաբաղում: Անուններ է տալիս՝ Մաքսիմը, Սամվելը, Գևորգը և մյուսները: «Ղարաբաղը որ տվեցինք, Հայաստանն իրենից բան չի ներկայացնի: Էս կողմից էլ որ մեջքը մի քիչ ձիգ է, Ախալքալաքն է պահողը»,-ասում է նա: 

Պատերազմի ավարտի մասին հայտարարությունից հետո Հովհաննեսը լուր է ստացել, որ Ջավախքում այդ ժամանակ գտնվող կինը երկվորյակ որդիներ է ունեցել: Ընդ որում՝ երկվորյակների երկրորդ զույգը: Հովհաննեսի առաջին զույգն էլ տղա երկվորյակ են՝ Սասունն ու Սայադը, ծնվել են Սանասարն ու Բաղդասարը: Հովհաննեսը մեկնել է նրանց տեսնելու: Բայց հայրն այլևս թույլ չի տվել, որ որդին իր ընտանիքի հետ վերադառնա Արցախ:

1994-ից ցայսօր Հովհաննեսը չի գնացել Արցախ: Ասում է՝ որ գնայի, էլ հետ չէի գա: Իր ձեռքով սարքած տունը տվել է զոհված ֆիդայու ընտանիքին: «Ես կարող է գնայի վերաբնակվելու, բայց ես այստեղ էլ այլ վերաբնակեցման գործ եմ կատարում»,- ասում է Հովհաննեսը:

Հոքամում հայկական դպրոց չի եղել: 13 տարի առաջ Հովհաննեսն է այն հիմնադրել: Այն Ախալքալաքի շրջանի հեռավոր երեք գյուղերի՝ Հոքամի, Ազմանայի և Քարսեփի համար հայկական միակ միջնակարգ դպրոցն է: Միայն հարևան Քարսեփ գյուղում էր գործում 9-ամյա հայկական դպրոց: Երեխաներն ավարտում էին և պետք է Ախալքալաք գնային` միջնակարգն ավարտելու, բայց ընտանիք կար` 3 երեխա ուներ, դժվար էր 3-ին էլ Ախալքալաք ուղարկել: Քարսեփն էլ մոտ չէր Ախալքալաքին՝ 50 կմ: Ծնողները ստիպված չէին ուղարկում նրանց: Երեխան կտրվում էր կյանքից ու կրթությունից, և ծնողը պետք է հեռանար Հոքամից, որպեսզի իր երեխայի ապագան դասավորեր:

Հոքամն ու Ազմանան էլ առավելապես վրացաբնակ են: Հոքամում 120 տնտեսությունից 20-ն է հայ, Ազմանայում 51 տնտեսությունից՝ 12-ը, Քարսեփն է միայն հայաբնակ: 83 աշակերտ Հոքամի վրացական դպրոցում է սովորում, 52՝ հայկականում: Հոքամի վրացական դպրոցից բացի մեկ այլ՝ 6 աշակերտ ունեցող վրացական դպրոց գործում է նաև Ազմանայում: Այս պայմաններում հայկական միջնակարգ դպրոց չունենալը Հովհաննեսը բացառում է: Դպրոցը ռազմավարական նշանակություն ունի Ջավախքի այս գյուղերի համար: Ավելին, Հոքամի դպրոցը Ջավախքի այն սակավաթիվ դպրոցներից է, որտեղ դասավանդվում է «Հայոց պատմություն» առարկան:

«Հոքամը հայ չմնար, Քարսեփը հաջորդ օրն ևեթ կփախներ: Հայ չէր մնա, ուզած-չուզած` ազմանացին էլ պետք է փախներ, ինչ կստացվեր՝ մի քիչ այս թևից, մի քիչ՝ մյուս, Ախալքալաքի շրջանը կմնար այսօրվա մնացածից քիչ»,- ասում է Հովհաննեսը:

Հովհաննեսը չի պատրաստվում թողնել իր գործը` մինչև չհանեն:  Չնայած մասնագիտությամբ շինարար է, բայց դպրոցում մաթեմատիկա է դասավանդում: Երեխաներն առաջին տարին նույնիսկ պատերին են գրել: Հովհաննեսը ումից ասես օգնություն չի խնդրել դպրոցը ոտքի կանգնեցնելու համար: Շատերը խոստացել, այդպես էլ չեն օգնել: Ի վերջո, հաջողել է:

Հովհաննեսն ավագ երկվորյակներին ամուսնացրել է: Արդեն 4 թոռ ունի: Կրտսեր երկվորյակները սովորում են Թբիլիսիում՝ ապագա իրավաբան ու տնտեսագետ են: Խոստովանում է, որ Նորագյուղի հետ համեմատած՝ Ախալքալաքում շատ դժվար է ապրել: Հովհաննեսն իր ընտանիքի հետ 8 հա հող է մշակում՝ գարի, ցորեն ու կարտոֆիլ: Հողերի մի մասն էլ վարձակալել է: Հարցնում եմ՝ հնարավո՞ր է մի օր վերաբնակվի բերքաշատ Նորագյուղում: «Չէ, էլ տեղ չեմ գնա,- ասում է Հովհաննեսը,-իմ տեղն էստեղ է»:  

Քրիստինե Աղալարյան

 

Օրացույց