Վրաստան-Թուրքիա. Իրականության գիտակցման առաջին քայլերը

հոկտեմբեր 14, 2014 - 09:08        Viewed: 1344       

Վրաստանի կազմում գտնվող Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում զարգացած վերջին իրադարձությունները և արդեն վաղուց երկրում տնտեսական և քաղաքական անթաքույց թուրքականության ընդլայնումը վրաց հանրության մի մասի մեջ թուրք-վրացական «փոխհարաբերությունների» գիտակցման, վերաարժևորման գործընթաց է առաջացնում: Հարգելի ընթերցողին ներկայացնում ենք վրացական «Վրաստանը և Աշխարհը» թերթում հրապարակված մի նյութ, որտեղ երկու վրացի գիտնականներ (վրացական դիվանագիտության և միջազգային հարաբերությունների գիտաշխատող Սիմոն Կիլաձե և քաղաքական գիիտությունների դոկտոր Թամար Կիկնաձե) զրուցում են թուրք-վրացական հարաբերությունների մասին: Փորձում են հասկանալ երկրում և տարածաշրջանում ընթացող գործընթացները:

 

Վրացական դիվանագիտության և միջազգային հարաբերությունների գիտաշխատող Սիմոն Կիլաձե

- Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները նեղ կապված են ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Բացի այդ երկու մեծ կայսրությունների հակամարտությունը մասամբ որոշակիացրել է Վրաստանի ճակատագիրը: Այդպես է եղել XVIII (Յասսյան հաշտության պայմանագիրը -1972 թ.) և XIX դարերում( Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը -1829թ., Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը -1878թ.):

Վրաստանի համար ծայրահեղ կարևոր էր Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, որի համաձայն Ռուսական Կայսրությունը պարտված Օսմանյան կայսրությունից ստացավ պատմական տարածաշրջաններ (Թաո-Կլարջեթի, Էրուշեթի և այլն): Իսկ 1878-1879թթ. պատերազմի արդյունքում ռուսական կայսրությունը Օսմանյան կայսրությունից որպես հատուցում ստացավ Բաթումին և Արդվինը Արդահանի հետ միասին: Սան-Ստեֆանոյի պայմանագրի համաձայն և ավելի ուշ` Բեռլինի Կոնգրեսի որոշմամբ ռուս-թուրքական սահմանը մնում էր անփոփոխ 37 տարվա ընթացքում: Առաջին Համաշխարհային Պատերազմի Կովկասյան ռազմական թատրոնը մտցնում էր ճշգրտումներ և սահմանային-տարածաշրջանային հարցեր. Բաթումին և Արդվինը սկզբում ղեկավարում էրն օսմանները,իսկ ավելի ուշ`օսմանների պարտությունից հետո`բրիտանացիները, իսկ Արդահանը ստացավ թուրքամետ տարրերից ձևավորված,ինքնահռչակ Կարսյան Հանրապետություն կարգավիճակը:

Թուրքիայի կառավարությունը գործում էր Բաթումիի պայմանագրին համաձայն` ստորագրված Բաթումիում 1918թ.-ին հունիսի 4-ին Հայաստանի և Վրաստանի միջև, և իր տարածաշրջանն էր համարում ինչպես պատմական վրացական Աջարիան, Թաո-Կլարջեթին, այնպես էլ Կարսն ու Կագիզմանը (այսինքն արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող վիլայեթները): Քեմալիստները Սիվասյան կոնգրեսում արտահայտեցին իրենց ամբիցիաները և իրավաբանորեն ստիպեցին այդ ժամանակ անգլիացիների խամաճիկը դարձած Օսմանյան կոնգրեսին (մեջլիս) 1920թ. հունվարին ընդունել «Ազգային ուխտը»` ծայրահեղ կարևոր փաստաթուղթ, որով որոշակիացվում էին ապագա սահմանները և թուրքական պետական դասավորվածությունը:

Տվյալ դրույթում  որպես թուրքական տարածաշրջան է ներկայացված Բաթումիի շրջանը, որը վերադարձվել է հայրենիքին 1918թ.-ի հունիսին: Միաժամանակ Խորհրդարանը Ազգային ուխի մեջ ներառեց նաև հանրաքվեի միջոցով բնակչության կամքի արտահայտման սլզբունքը: «Ուխտի» հիման վրա տարածաշրջանի առթիվ Թուրքիան Վրաստանին իր առաջին բողոքը հայտարարել է դեռևս 1920թ. հուլիսին, երբ Մեծ Բրիտանիան դուրս բերեց իր զինվորներին Աջարիայից և վերադարձրեց մեզ Բաթումին, բայց քեմալիստների բողոքին Թբիլիսին ինչպես որ հարկն էր ուշադրություն չդարձրեց: Մինչդեռ գրեթե նույնը կրկնվեց նաև 1921թ. հունվարին, երբ Վրաստանի դիվանագիտական առաքելությունը, Սիմոն Մդիբանիի ղեկավարության ներքո եղավ Անկարայում. Սահմանների մասին խոսելիս Մուտաֆա Քեմալը մեզ հիշեցրեց «Ազգային Ուխտի» մասին և փոխանցեց նրա տեքստը, -հայտնել էր վրացի դեսպանը Թբիլիսիի Արտաքին գործերի նախարարությանը:

«Ազգային Ուխտը» Թուրքիայի համար այսօր էլ գործող փաստաթուղթ է, քանի որ հատկապես նրանում է արտացոլված ժամանակակից Թուրքիայի տարածաշրջանը:

1921թ. փետրվարի 19-ին թուրքերը եղան Մոսկվայում, իսկ ռուս-թուրքական վեհաժողովը սկսվեց 26-ին: Պայմանագրի նախագծի մշակման ընթացքում նրա կարևորագույն դրույթներից մեկը պետք է լիներ Ռուսաստանի կողմից Թուրքիայի և նրա արևելյան սահմանների ճանաչումը:

Մարտի սկզբին Անկարայից դիրեկտիվներ ստանալու հիման վրա Յուսուփ Քեմալը պահանջեց Ռուսաստանի Կառավարությունից Թուրքիայի կազմում ճանաչել Բաթումին, Արդվինը և Արդահանը, ինչպես նաև Կարսը: Դրանով իսկ նա պաշտոնապես հայտարարում էր, որ այդ քաղաքները պատկանում են միայն ու միայն Թուրքիային և ուրիշ ոչ ոքի…

Եվ ահա, Վրաստանի համար այդքան դրամատիկական ժամանակաշրջանում, ասպարեզ է գալիս կովկասյան խնդիրների ահազանգը` Ազգային գործերի կոմիսար Իոսիֆ Ստալինը: Ինչպես հաստատում են թուրք գիտնականաները, բանակցությունների ժամանակ տարաձայնությունների ծավալման մեջ գլխավոր դեր խաղաց հենց նա: Մարտի 9-ի ուշ գիշերը, Լենինը հանձնարարել է Ստալինին պարզաբանել Թուրքիայի հետ հարցը, մարտի 10-ին Յուսուփ Քեմալը հայտնեց իր պահանջները Թուրքիայի կազմում Բաթումիի, Աջարիայի, Արդվինի և Կարսի ճանաչումը,իսկ երկու օր անց պայմանագրի նախագծի ստորագրման տոնական ամսաթիվը նշանակվեց մարտի 16-ը:

Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ է կատարվել մարտի 9-ի գիշերը, որը մարեց Թուրքիայի պահանջները: Դժվար է հստակորեն ասել, բայց արդյունքը ստիպում է մտածել, որ Ստալինը առավելությունը տվեց Բաթումիի` Սևծովյան կարևորագույն նավահանգստի և Բաքվի նավթամուղի վերջին հատվածի կարգավիճակը պահպանելուն: Թուրքերը իբրև թե ասել են, Բաթումին մերն է, մո´լ, մենք ենք նրա  տերը, բայց զիջում ենք ձեզ, բայց դուք պետք է Աջարիային տաք Ինքնավարության կարգավիճակ: 

Անկասկած Ստալինը հիանալի գիտեր, որ պատմական Թաո-Կլարջեթին վրացական քաղաքակրթության օրորոցն էր, չէ որ նա ստացել էր հոգևոր կրթություն և նաև գիտեր, որ Թուրքիային փոխանցված տարածաշրջանում պահպանվել են բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ: Այսպիսով, ինչո՞ւ ստացվեց, որ Շաթբերդին, Բերտան, Անճին, Փարխալին և Իշխանը մնացին մուսուլմաններին: Դժվար է պատասխանել: Հնարավոր է` Ստալինը մտածում էր, որ դա ընդամենը ժամանակավոր է, այն ժամանակ պետք էր ընկերություն անել Թուրքիայի հետ, իսկ հետագայում նա կուղղեր դրությունը:

Իրադարձություններից առաջ ընկնելով` հարկ է նաև ասել, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի վերջում Ստալինը, իսկապես, հիշել է Վրաստանի և Հայաստանի տարածաշրջանի հարցը և նախ Պոտսդամյան վեհաժողովին, իսկ հետո ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին պաշտոնապես Թուրքիայից պահանջեց վերադարձնել վրացական և հայկական հողերը…

1921թ. մարտի 16-ին Մոսկվայում, Արտաքին գործերի Ազգային կոմիսարիատի շենքում պետք է ռուս-թուրքական ընկերության մասին պայմանագիր ստորագրվեր: Նիստերի դահլիճ մտավ թուրքական պատվիրակությունը. Տնտեսության նախարար Յուսուփ Քեմալ Թենգիրշենկը (ղեկավար), Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը, Գնդապետ Ալի Ֆուադ Ջեբեսոյը, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Րիզա Նուրիբեյը… ԽՍՀՄ-ի արտաքին գործերի Ազգային կոմիսար Չիչերինը հրավիրեց թուրք դիվանագետներին սեղանի շուրջ, որտեղ դրված էր պայմանագրի նախաստորագրված տեքստը: Փաստաթուղթը նախ ստորագրեցին Չիչերինը և Ռուսաստանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Ջելալ Կորկմասովը, իսկ հետո Յուսուփ Քեմալը, Րիզա Նուրին և Ալի Ֆուադին:

Հենց Մոսկովյան պայմանագրից էլ «ծնվեց» Կարսի պայմանագիրը: Մոսկվայում ստորագրված փաստաթղթի 16 կետի գլխավոր կորիզը առաջին հոդվածում էր, որտեղ բերվում էր Թուրքիայի հյուսիս-արևմտյան սահմանը: «Թուրքիա» հասկացության մեջ ենթադրվում են այն տարածքները, որոնք որոշակիացվել են ըստ 1336 (1920)թ. հունվարի 28-ին Թուրքիայի Խորհրդարանի պալատի կողմից մշակված «Ազգային Ուխտի»: Հետո նշվում է Թուրքիայի այսօրվա սահմանը` Սարփիից մինչ Նախիջևան: Ինչ վերաբերում է Բաթումիի մարզին, ապա Մոսկվայում ստորագրված փաստաթղթի երկրորդ հոդվածում ասվում է. «Թուրքիան համաձայն է զիջել Վրաստանին իր սեփականությունը Բաթումի նավահանգստին, քաղաքը և այն տարածքը, որը գտնվում է սահմանի հյուսիսում` տրված այս պայմանագրի առաջին հոդվածում, պայմանով, որ. 1) Այդ տարածքի բնակչությունը կօգտվի լայն ինքնավարությամբ, ինչը կապահովի յուրաքանչյուր համայնքի կրոնա-մշակութային իրավունքները, 2) Թուրքիային Բաթումի նավահանգստի միջոցով տարբեր ապրանքների ազատ տրանզիտի իրավունք կտրվի առանց տուրքերի և խոչընդոտների, առանց հարկային ծախսերի»:

1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում Թուրքիայի և Վրաստան-Հայաստան-Ադրբեջանի պատվիրակությունները պայմանագիր ստորագրեցին, որը կրկնում էր մոսկովյան պայմանագրի դրույթները: Երկրորդ հոդվածում առանց փոփոխությունների մտցված էր Մոսկովյան պայմանագրի Բաթումիի մարզին վերաբերող մասը: Ամեն ինչ իբրև թե պարզ էր. Թուրքիան զիջեց Վրաստանին իր գերիշխանությունը Բաթումիի վրա, սահմանն անցնում էր Սարփիից, չկար ոչ մի վտանգ: Բայց հիշենք «Ազգային Ուխտը», որը մինչև հիմա չի փոխվել, և թուրք իշխանությունները համարում են այն գործող օրենք…

Ընդամենը մի երեք տարի առաջ շատ քաղաքական գործիչներ, փորձագետ-քաղաքագետներ կարծում էին, որ Կարսի պայմանագիրը` պատմության սեփականությունը, անդառնալիորեն հնացել է, և 90 տարվա հնություն ունեցող դիվանագիտական փաստաթղթի պայմանները հետաքրքրում են միայն գիտնականներին: Բայց: Հաճախ են անցյալի սխալներն իրենց մասին հշեցնում. 2008թ.-ի օգոստոսին թուրք դիվանագետների ակտիվությունը, նրանց առաջնորդների մոսկովյան ճանապարհորդությունները, և, ասում են, Կրեմլում քննարկվող Աջարիայի հարցը, (իբրև թե Թուրքիան ծրագրում էր զինվորներ մտցնել Բաթումի) հերթական անգամ ցույց տվեցին, որ խնդիրը գոյություն ունի:

Վրաստանը նաև չպետք է մոռանա, որ Կարսի պայմանագիրը, կարելի է ասել «անմահ» է. ա) նրա միակողմանի չեղյալ հայտարարումը անհնար է, քանի որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը փաստաթղթում ունեն նույն կողմի կարգավիճակ: Ճիշտ է, այսօր Հայաստանը չի ճանաչում Կարսի դրույթները սահմանային հարցերում, բայց Ադրբեջանի համար Կարսի պայմանագիրը կենսականորեն կարևոր է Նախիջևանի պատկանելության պատճառով, բ) քանի դեռ գոյություն ունի Մոսկովյան պայմանագիրը,գոյություն կունենան նաև Կարսի փաստաթղթի պայմանները, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան Մոսկովյան պայմանագիրը համարում են հարաբերությունները հարթող կարևորագույն իրավական փաստաթուղթը, և նույնիսկ այսօր համարում են այն անժամկետ, ամեն տարի հատուկ նշում են նրա ստորագրման օրը, և հետևաբար, նույնիսկ, եթե մենք վերացնենք այն, հարցը դրանով չի լուծվի:

Անցյալ դարի 90-ականներին, հենց Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը անկախություն հռչակեցին, Կարսի պայմանագիրը ձեռք բերեց ավելի մեծ հեղինակություն և դարձավ անկախ պայմանագիր: Այդ փաստաթղթի շատ հոդվածներ հնացել են, շատերը փոխել է պետք, բայց գլխավորն այն է, որ այն համարվում է սահմանները հստակեցնող փաստաթուղթ:

Վերջին ժամանակներս շատերն են խոսում Աջարիայում արմատացած թուրքերի մասին: Կհերևի՞  արդյոք այդ երկիրը Կարսի պայմանագրին և չի՞ խախտի արդյոք սահմանները:

- Թուրքիան ասում է մեզ,մո´լ, Աջարիան իմն է, բայց ես ժամանակավորապես կզիջեմ ձեզ նրան, և եթե ինչ-որ բան պատահի, և դուք չկատարեք Կարսի պայմանագրի կետերը, դուք գործ կունենաք ինձ հետ: Այսօր Թուրքիան գտնվում է Աջարիայում, իսկապես, մեծ չափաբաժիններով աշխատում են թուրքական ընկերությունները, և պարզ է, ինչը չի անի պատերազմով և զենքով, կփորձի անել դիվանագիտական ճանապարհով: Այսօր Բաթումիում կարելի է ավելի հաճախ թուրքերեն լսել, քան վրացերեն, նույնիսկ Բաթումիի օդանավակայնն է նրանց պատկանում: Նրանք արդեն ամեն ինչ գրավել են, էլ ինչի՞ մասին ենք խոսում: Մենք պետք է այնտեղ ստեղծված իրավիճակին զգուշությամբ մոտենանք և նախօրոք քայլեր ձեռնարկենք:

Այսօր շատերը վիճում են Կարսի պայմանագրի ժամկետների մասին… Այդ պայմանագրում, ինչպես նաև Մոսկովյան պայմանագրում ժամկետներ նշված չեն: Այնպես որ երկու պայմանագրերն էլ կարող են դիտարկվել որպես անժամկետ: Չնայած տարբեր երկրներ ունեն տարբեր մեկնաբանություններ: Հնարավոր է, գաղտնի հոդվածներում ժամկետները նշված են, բայց դա դեռևս ոչ մեկի կողմից ապացուցված է:

 

Քաղաքական գիտությունների դոկտոր Թամար Կիկնաձե

- Անտանտայի պետությունների Գերագույն Խորհուրդը Փարիզում որոշեց քննարկել նաև հայ, վրացական և ադրբեջանական սահմանների հաստատման հարցը Օսմանյան Թուրքիայի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների բարելավման շրջանակներում: Այս նպատակով վեհաժողովի Գերագույն Խորհուրդը հանձնաժողով ստեղծեց Անգլիայի, Ֆրանսիայի, տալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը ղեկավարում էր անգլիացի Բ. Կամերերը:

Փարիզյան վեհաժողովում հայկական պատվիրակությունը վայելում էր արևմտյան մեծ երկրների աջակցությունը: Հայաստանի շահերի պաշտպանությամբ ելույթ ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը: Իր ծրագրի համաձայն` Հայաստանի տարածքը պետք է մեծանար Օսմանյան կայսրության արևելյան վիլայեթների հաշվին, և Հայաստանին պետք է տրամադրվեր ելք դեպի ծով:

Հայկական պատվիրակոթյան կարծիքով Հայաստանը պետք է ելք ստանար դեպի Տրապիզոնի վիլայեթ և դրան պետք է միանար ծովափ: Նրանք նաև պետք է ելք ձեռք բերեին դեպի Բաթումի:

Ավելի ուշ, 1919թ. ապրիլի 20-ին Սան Ռեմոյում երեք հանրապետությունների վերսկսած բանակցությունների ժամանակ հայկական պատվիրակությունը պահանջեց, որ Հայաստանը «սեփականության իրավունք ունենա Բաթումիի շրջանում երկաթուղու կառուցման, սարքավորումների վրա»: Հայաստանը նաև պահանջում էր բարենպաստ պայմաններ երկաթուղու կառուցման համար Վրաստանի տարածքում Լազիստան ծովափից մինչև Ռիզա, որտեղ նա կունենար սեփական նավահանգիստ: Համաձայնությունը տեղի չունեցավ վրացական պատվիրակության դիրքորոշման պատճառով, քանի որ միայն Վրաստանն էր զիջումների գնում և փոխարենը ոչինչ չէր պահանջում:

Կարսի պայմանագրի արդյունքում կորցրած վրացական և հայկական տարածքները վերադարձնելու մասին խոսք է գնացել Պատսդամսկի համաժողովի և ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի ժամանակ: Պահպանվել է Սիմոն Ջանաշիայի, Նիկո Բերձենիշվիլիի, Վրաստանի Պատրիարք Կալիստրատէ Ծինծաձեի` ՄԱԿ-ին ուղղված նամակը` Թուրքիայի կողմից սեփականաշնորհած տարածքները վերադարձնելու առթիվ: Ալեքսանդր Ջավախիշվիլու կողմից նախապատրաստվել էր Վրաստանի պատմաաշխարհագրական ակնարկը (ըստ Վախուշտի Բագրատիոնիի) և այլն: Արխվներում պահպանվել է Անդրկովկասի ռազմական շրջանի ղեկավարությամբ մշակված ծրագիր Տրապիզոնը, Արդահանը, Արթվինը և Կարսը վերադարձնելու և այդ տարածաշրջաններում տնտեսական նախագծերի իրականացման առթիվ: 45-ամյա հնության մամուլում պահպանվել է վրացի գիտնականների նամակը. «Թուրքիան պետք է վերադարձնի մեզ սեփականաշնորհած հողը», պահպանվել է նաև Վրաստանի Կոմունիստական կուսակցության կողմից մշակված Տրապիզոնի և Արդվինի օրենսդիր և գործադիր կոմիտեներին անդամակցության թեկնածուների թիվը: Այդ պատմական փաստերը բավարար չափով ուսումնասիրված չեն: Երևում է, Ստալինը որոշել էր վերադարձնել այդ տարածքները, և թվարկած նյութերը ծառայում էին հենց այդ գործընթացի նախապատրաստմանը:

Մինչ ոչ վաղ անցյալը Կարսի պայմանագրի մասին ոչ ոք չէր հիշում: Որոշ պոպուլիստական-քաղաքական գործիչներ նույնիսկ պահանջում էին վերացնել Աջարիայի ինքնավարությունը: Նման մակերեսային վերաբերմունքը, ցավոք, հատուկ է վրացի քաղաքական գործիչներին: Նրանք նույնիսկ չգիտեին, որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը օգտվում են մեկ կողմի կարգավիճակից և փաստաթղթի չեղյալ հայտարարությունը միակողմանիորեն անհնար է:

Ինչպես նշում են որոշ փորձագետներ, թուրքական կողմի պահանջով, Կարսի պայմանագիրը կրկնվել է «1992թ.-ին Էդուարդ Շեվարնաձեի և Սուլեյման Դեմիրելի կողմից ստորագրված Շրջանակային պայմանագրով»: Այդ պայմանագիրը ժամանակին սուր քննադատության է արժանացել: Ասում են, որ Թուրքիայի հետ ստորագրված պայմանագրի համաձայն` Վրաստանը դե-յուրե ճանաչել է այսօր Թուրքիայի տիրապետության տակ գտնվող վրացական տարածքները:

Խորհրդային Միության փլուզումից հետո ակտիվորեն իրականացվում է ռուսական ազդեցության փոխարինում թուրքական ազդեցությամբ: Դրան ավելացնենք տնտեսական էքսպանսիան և Աջարիայում թուրք բնակչության քանակի աճի միտումները: Տնտեսապես աղքատ վրացական բնակչությանը, որը գոյության միջոցներ փնտրելու համար զանգվածորեն լքում է երկիրը, փոխարինելու են գալիս տնտեսապես ուժեղ հարևան երկրների (և ոչ միայն) գործարարները: Բազմանում են նրանց պատկանող բենզալցակայանները, խանութները, տարբեր հաստատությունները: Մուսուլման-աջարացիները հաճախ նշում են, որ կրոնական գործոնը ոգեշնչված է որոշակի ուժերով: Երբեմնի` բարոյականության օրինակ ծառայող վրացի կինը դարձել է էժանագին մարմնավաճառ: Եթե դրան էլ ավելացնենք Թուրքիայի վարչապետի կողմից հայտարարծ դոկտրինան, ապա մենք իսկապես անհանգստանալու և մտածելու պատճառ ունենք: Առավել ևս Կիպրոսի օրինակն ունենալով:

Խոսքը գնում է արդյո՞ք Կարսի պայմանագրի ժամկետն անցլինելու մասին:

-Այդ պայմանագրում ժամկետների մասին ոչինչ գրված չէ, բայց Թուրքիայի դիրքորոշման տեսանկյունից. այդ պայմանագրի ազդեցությունը բխում է նրանց շահերից, քանի որ նրանք իրենց պարտավոր են զգում ներքաշվել Աջարիայում կատարվող գործընթացներին: Դա հիանալիորեն ցույց տվեց 2008թ.-ի պատերազմը, երբ նրանք վազեցին Ռուսաստանի հետ բանակցությունների: Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան ցույց տվեց իր շահագրգռվածությունը և Աջարիան համարում է իր պոտենցիալ տարածքը, որը ժամանակավորապես պատկանում է Վրաստանին:

Այսօր Աջարիան նախկինի պես մնում է Ռուսաստանի և Թուրքիայի վեճի առարկա, այդ պատճառով էլ Վրաստանը պետք է շատ զգույշ քաղաքականություն վարի: Արևմուտքը փորձում է Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով, իսկ դա շատ մեծ վտանգ է Վրաստանի համար: Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը երկրի համար շահավետ չի  լինի:

Օրացույց