Խոջիվանքի մոռացված ստվերները

հուլիս 11, 2014 - 11:10        Viewed: 2857       

«…Հայ ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է: Նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմախցան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված եւ կտրված գլխի տեղ աճում է նորը եւ ավելի զորավորը: Դարերի ընթացքում համաշխարհային դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ եւ կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ, նա չափազանց տոկուն է…»:

Րաֆֆի, «Խենթը» 

Հայ գրողների եւ հասարակական գործիչների  պանթեոնի մասին Թբիլիսիում քչերը գիտեն, կամ… Դեպի պանթեոն ճանապարհն անցնում է Սամեբա տաճարով:

Սուրբ Երրորդության մայր տաճարը կամ «Ծմինդա Սամեբա»-ն վրացական Եկեղեցու գլխավոր մայր տաճարն է, այն գտնվում է Թբիլիսիում` Էլիայի բլրի վրա: Համարվելով Կովկասի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին, 9 տարի առաջ կառուցված տաճարը նկատելի է Թբիլիսիի ցանկացած կետից եւ Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Եկեղեցական համալիրի շրջակայքը շատ բարեկարգ է, բազմաթիվ են անվտանգության աշխատակիցները: Այցելությունս համընկավ շաբաթ երեկոյի հետ, երբ եկեղեցում պետք է ծիսակարգ իրականացվեր: Քահանաներից հարցնելով Հայ գրողների պանթեոնի ճանապարհը՝ բարձրացա վեր...

Հայերը Սամեբան չեն սիրում ու այդ ճանապարհով աշխատում են չքայլել: Համենայն դեպս, այդպես ինձ ասաց ինձ ուղեկցող հայ կինը, ում հետ ծանոթացել էի Հավլաբարում զբոսնելիս: Նրա խոսքով, պատճառը պարզ է` տաճարը կառուցվել է հին հայկական գերեզմանատան՝ Խոջիվանքի տեղում:   

Հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնի մասին, որի գտնվելու կոնկրետ վայրի մասին տեղեկատվություն էի փնտրում 7 օր շարունակ, այդ կինը լսել էր, բայց երբեք չէր այցելել: Այսպիսով, Խոջիվանքի գերեզմանատանը կից գտնվել է հայկական եկեղեցի, որը ոչնչացվել է խորհրդային տարիներին: Իսկ արդեն վրացական եկեղեցական համալիրի շինարարության ընթացքում ոչնչացվել են Խոջիվանքի գերեզմանաքարերից շատերը, տարածքն էլ վերածվել է այգու:

Ինձ ուղեկցող կինը ճանապարհին պատմում էր, թե ինչպես Սամեբա տաճարի հիմքը փորելու ժամանակ գտնվել են մարդկային ոսկորներ, որոնք այդպես էլ չեն վերաթաղվել, հավելելով, որ, իր տեղեկություններով, գերեզմանաքարերի մի մասն ուղղակի թափվել է Թբիլիսիի օդանավակայանի ճանապարհին: Այս անհարգալից վերաբերմունքը շարժել է Վրաստանի հայ համայնքի զայրույթը, բայց … անզոր են եղել որեւէ բան անել:

Պանթեոնի մուտքի մոտ ներսի կողմից պատերի տակ շարված են մի շարք գերեզմանաքարեր: Ինձ ուղեկցող կնոջ խոսքով, այդ գերեզմանաքարերը Հավլաբարի հայ երիտասարդները կարողացել են փրկել ու բերել այստեղ Խոջիվանքից` նշելով, որ բազմաթիվ գերեզմանաքարեր տեղափոխել չի հաջողվել, եւ դրանք ոչնչացվել կամ վնասվել են:

Փոքրիկ ծառուղին տանում է դեպի բուն պանթեոն: Այստեղ են գտնվում հայ մտավորականների թիֆլիսյան սերուցքի, այդ թվում Մուրացանի, Վանո Խոջաբեկյանի, Ջիվանու, Նար Դոսի, Ղազարոս Աղայանի, Մակար Եկմալյանի, Ծերենցի, Պերճ Պռոշյանի,Ալեքսանդր Ծատուրյանի, Գրիգոր Արծրունու, Գեւորգ Ախվերդյանի, Սիմոն Զավարյանի, Քեռու, Իվան Լազարյանի, Ալեքսանդր Մանթաշեւի, Նաղաշ եւ Մկրտում Հովնաթանյանների, Գաբրիել Սունդուկյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Նիկոլ Դումանի եւ ականավոր այլ հայ մեծերի տապանաքարերը:

Ըստ պատմական տեղեկությունների, Խոջիվանքը ձեւավորվել է XVII դարում՝ Վրաց Ռոստոմ թագավորի ատենադպիր, ժամանակի «ուսյալ եւ կրթյալ այրերից» Աշխարհբեկ Բեյբությանի՝ թագավորից իբրեւ նվեր ստացած գերեզմանատեղում։ Թագավորը նրան շնորհել է «խոջա» (պարսկ.` տեր) պատվանունը։ Գերեզմանատեղում կառուցվել է Խոջայի վանքը, որը ժամանակի ընթացքում հնչյունափոխվել է եւ դարձել Խոջիվանք։ Վանքի շրջակայքը ժամանակին վերածվել է հայկական գերեզմանատան, որտեղ թաղվել են 1000-ից ավելի ճանաչված հասարակական, գրական եւ մշակույթի գործիչներ։ 1930-ականներին գերեզմանատունն ավերվել է. միայն բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանի ջանքերով է հաջողվել փրկել սակավաթիվ աճյուններ եւ Րաֆֆու շիրմաքարի շուրջը ձեւավորել ներկայիս պանթեոնը:

«Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվում է կրոնի դեմ պայքար, քանդվում են շատ եկեղեցիներ, մի մասը դառնում գրադարան, մյուս մասը` պահեստներ: Արդեն Ստալինի կառավարման տարիներին, երբ Բերիան էր Վրաստանի դե ֆակտո տիրակալը (մասնավորապես` 1937 թ-ին), Թիֆլիսի քաղխորհուրդը որոշում է քանդել Խոջիվանքի եկեղեցին: Ավելի ուշ նույն բախտին է արժանանում գերեզմանատունը` վերածվելով մշակույթի այգու», -մեզ հետ զրույցում պատմում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը: «Ասում են` այն տարիներին թիֆլիսցիները զբոսնում էին գետնի տակ թաղված հայերի եւ ազնվական վրացիների (որոնց համար, ի դեպ, մեծ պատիվ էր այդ գերեզմանատանը թաղվելը) ոսկորների վրայով», -ասում է նա:

Վրացագետը նշում է, որ տեղի ունեցածի մեղավորը կոմունիստական կուսակցությունն էր, իսկ հայությունն այդ շրջանում լուռ հետեւում էր այդ ողբերգությանը, քանի որ 1937 թվականն էր, երբ բոլորը սարսափում էին բարձրաձայն արտահայտվել:

«Իմ տեղեկություններով, Խոջիվանքի որոշ տապանաքարեր կարելի էր տեսնել այն ժամանակաշրջանի նորակառույց շենքերի հիմքում: Ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանի նախագծով, 1961-62թթ. ոչնչացված տապանաքարերի փոքր մասը հավաքվում եւ առանձնացվում է հայ մշակույթի եւ հասարակական գործիչների պանթեոնում: Անկախացումից հետո կոմունիստական կուսակցությանը փոխարինեց Վրաց ուղղափառ եկեղեցին եւ սկսեց վրացականացնել բոլոր ոչ վրացական եկեղեցիները եւ մատուռները: 1995թ. հոկտեմբերին Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիան թույլ է տալիս, որ 1937 թվականին ոչնչացված հայկական եկեղեցու տեղում կառուցվի Թբիլիսիի գլխավոր Սուրբ Երրորդության տաճարը»,- պատմում է Ջոննի Մելիքյանը:

Վրացագետի խոսքով, այդ տարիներին վրաց պատրիարքին բազմաթիվ ապացույցներ ներկայացվեցին, որոնք փաստում էին, որ եկեղեցու տարածքում նախկինում գերեզմանատուն է եղել: «Ապացույցներից էր, օրինակ, այն, որ այդտեղից աղբի հետ միասին նաեւ մարդկանց ոսկորներ էին դուրս բերվում: Արդեն անկախության շրջանում պանթեոնը տեր ու տիրակալ չուներ: Որոշ ժամանակ անց այն վերանորոգվեց Հայաստանի դեսպանատան ջանքերով, իսկ 2000 թվականին անցավ Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության տակ` նրանից ֆինանսական աջակցություն ստանալով: Պահպանման ուղղությամբ ջանքեր է գործադրում նաեւ Հայաստանի դեսպանատունը», -նշում է Ջոննի Մելիքյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում են իրականում թաղված բոլոր այն մեծերը, որոնց գերեզմանաքարերը կարելի է գտնել այնտեղ, Ջոննի Մելիքյանը նշեց, որ, իր տեղեկություններով, բացառությամբ Րաֆֆու աճյունի, մյուս գրեթե բոլոր ականավոր գործիչների աճյունները կամ մնացել են Սամեբայի հիմքի տակ, կամ էլ հայտնվել են Թբիլիսիի աղբանոցում:

Նարինե Դանեղյան